Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը առաջարկվում է կկանոնակարգել՝ դարձնել դարձնել ծանուցման ենթակա, ինչը ենթադրում է, որ առցանց հարթակի միջոցով գործող տաքսիները կմտնեն հարկային դաշտ։ Համապատասխան նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է, որ ներկայումս ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ։
Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար սահմանել պետական տուրք՝ տարեկան մեկ միլիոն դրամ արժեքով:
«Էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար առաջարկվում է սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024–ի սեպտեմբերի 1-ից՝ 1․5 տոկոսի, 2025–ի հունվարի 1-ից՝ 2․5 տոկոսի, 2026–ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի, 2025–ին՝ 3․5 տոկոսի, 2026–ին՝ 5 տոկոսի չափով:
Ընդ որում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե»,- ասել է Սիմոնյանը։
Նախագծով սահմանվել է էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառությունը և էլեկտրոնային արտոնագրի տրամադրման պահանջը, ոլորտի իրավախախտումների դեպքում՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը:
Խոսելով ուղևորափոխադրումների հնարավոր թանկացման մասին՝ Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ շուկան կկարգավորի խնդիրն ու էական թանկացումներ չեն լինի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն պետական տուրք վճարելը բավարար չէ: Նա առաջարկել է բարձրացնել տուրքի չափը:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը: