Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գներով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Այդ մասին հայտնել են Wildberries–ի մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները վերջնականապես կավարտվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից տեղեկացրել են նաև, որ իրենց համար կարևոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը, և իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնել տեղական արտադրողի կամքը և կատարելագործել նրանց բիզնես գործունեությունը:
2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից վաճառվել է 4․5 մլրդ դրամի ապրանք։
Սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։