Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը պատրաստ է միանալ բոլոր առողջ ուժերին ու աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում: Այդ մասին նա ասել է «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։
«Ես ձգտում եմ, որ մենք փրկենք հայկական աշխարհը կործանումից, փրկենք Հայաստանի և Արցախի պետականությունը: Ես ձգտում եմ, որ անտարբեր չլինենք, թե ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում: Ես տեսնում եմ, որ մենք ունենք ճգնաժամ, որը կարող է բերել կործանման և Հայաստանի, և Արցախի, որովհետև մարդիկ, որոնք այսօր իշխում են Հայաստանում, ոչ կոմպետենտ են, չեն հասկանում՝ ինչ են անում, չունեն փորձ ու չեն ուզում սովորել:
Իրենք չեն ներգրավում Սփյուռքը, որն ունի շատ բարձր մասնագետներ: Ես վստահ կարող եմ ասել, որ այս իշխանությունը ոչ միայն չգիտեի, թե ինչ պետք է անել, չունի ունակություն դա անելու և չի ուզում սովորել: Իրենք իրենց ոչ մի խոստումը չկատարեցին: Ոչ Սահմանադրությունը փոխեցին, ոչ կարողացան մեր անվտանգությունն ապահովել: 5 տարին բավական էր, որ երևա, որ այսօրվա իշխանությունը ունակություն չունի և չի կարողանում իր վրա վերցրած պարտականությունները կատարել: Այո, ես պատրաստ եմ միանալ բոլոր առողջ ուժերին և աջակցել, որ իշխանությունը որքան հնարավոր է արագ փոխվի Հայաստանում»,- ասել է նա:
Վարդանյանը հավելել է, թե բոլոր կողմերից փորձում են իրեն տարբեր պիտակներ կպցնել՝ «Կրեմլի ագենտ, Բրիտանիայի ագենտ, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ագենտ»:
«Ուրեմն ես ամեն ինչ ճիշտ եմ անում»,-ասել է նա:
Ավելի վաղ Վարդանյանն անդրադարձել էր ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը մարիոնետներ են, որոնք աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններ և աշխարհաքաղաքական վեկտորի շահերն են ներկայացնում ընտրություններում։ Դիմելով նման մտածողություն ունեցող գործիչներին՝ Վարդանյանն ասել էր․ «Դուք պարտվելու եք, որովհետև դուք թույլ եք, անգրագետ եք, չեք կարողանում ներկայացնել մեր երկիրը ո՛չ միջազգային դաշտում, ո՛չ ներսում»։