9 սեպտեմբերի 2023 - 13:39 AMT
ՊՆ․ Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ ՀՀ ՊՆ-ի անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։