11 սեպտեմբերի 2023 - 13:00 AMT
Սիմոնյանի խոսնակ․ Լավրովի պնդումը չի համապատասխանում իրականությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է, որ այն պնդումը, որ Սիմոնյանն ասել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Factor.am-ը:

Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: «Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- հայտարարել է Լավրովը:

«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասել է Ծովինար Խաչատրյանը:

Ավելի վաղ Սիմոնյանն, անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, ասել է, որ դա չէր անվանի լարվածություն, կանվաներ իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ: Նա չի ցանկացել արձագանքել Զախարովայի ավելի վաղ արած հայտարարությանը, որն իր հայտարարություններն անվանել էր «բռիության եզրին հասնող մի ինչ-որ բան»:

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», - նշել է նա: