11 սեպտեմբերի 2023 - 14:04 AMT
Էրդողանը մտադիր է խոսել Փաշինյանի հետ «Ղարաբաղում իրավիճակի մասին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 11–ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Ղարաբաղում իրավիճակի մասին»։ Այդ մասին նա ասել է G20-յակի գագաթնաժողովի շրջանակում կայացած ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես, հավանաբար, երկուշաբթի կբանակցեմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ղարաբաղում իրավիճակի մասին։ Ես կասեմ նրան, որ Ղարաբաղում կայացած ընտրություններն անընդունելի են մեզ համար, այդ մասին հայտարարել են նաև մի շարք արևմտյան երկրներ»,–ասել է Էրդողանը։

Արցախի Ազգային ժողովի սեպտեմբերի 9–ի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։