11 սեպտեմբերի 2023 - 14:43 AMT
Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան զորավարժությունը

Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկում է Eagle Partner 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։

Զորավարժությունն անցկացվում Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայ–ամերիկյան զորավարժությունը առաջացրել է Մոսկվայի դժգոհությունը, այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ բողոքի նոտայում։ Այդ հարցին է անդրադարձել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ դա ոչ մի լավ բան չի տա, այդ թվում՝ Հայաստանին։