12 սեպտեմբերի 2023 - 10:20 AMT
ՌԴ Կարմիր խաչի հումանիտար օգնությունը Ստեփանակերտում է

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ, հայտնում է Արցախպրեսը։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

Սակայն, ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փաստացի հետ է կանգնել պայմանավորվածությունից և ԱՀ իշխանությունները թույլ չեն տվել բեռնատարի մուտքը ԼՂ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

Սեպտեմբերի 11–ին Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։