12 սեպտեմբերի 2023 - 17:28 AMT
Իջևանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը

Իջևանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը: Սա նախատեսված վեց կենտրոններից հինգերորդն է։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Նոյեմբերյան եւ Բերդ համայնքների ղեկավարները, Ուժային կառույցների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, հայտնում է Տավուշի մարզպետարանը։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր խոսքում ցանկություն է հայտնել, որ այս կենտրոնի բացումը խաղաղություն բերի Տավուշին և տարածաշրջանին: Նա նաև նշել է, որ Իջևանում գտնվող կենտրոնը շատ կարևոր է ռազմական տեսանկյունից, դա թույլ կտա, որ իրավիճակին մոտիկից ծանոթանան և զեկուցեն:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորել է կենտրոնի բացումը, շնորհակալություն հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը։ Մարզպետը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ներկայությունը խաղաղություն և կայունություն կբերի:

Այս պահին նման կենտրոններ առկա են Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։ Նախատեսվում է նման կենտրոն բացել նաեւ Եղեգնաձորում։

Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։