ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ սեպտեմբերի 12–ին Լեռնային Ղարաբաղ է հասցվել ՌԴ հումանիտար օգնությունը՝ մոտ 15 տոննա սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։
«Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված ընկալումը, Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը և այնուհետաև հումանիտար օգնությունը տարածաշրջան կհասնի անարգել՝ երկու ուղղությունով կանոնավոր հենքի վրա»,– ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան հետևողական քայլեր է ձեռնարկում, ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։
«Ակնկալում ենք, որ այդպիսով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կկայունանա, իսկ տեղի բնակչության նորմալ կենսագործունեությունը կվերականգնվի։ Դա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մեկնարկիև 2020-2022թթ․ բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացմանն ուղղված ռիթմիկ աշխատանքի վերականգնմանը»,–ասել է նա։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: