Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ղարամյան գերդաստանը ցորենի բերքի 2/3-ը կնվիրաբերի Արցախի կառավարությանը։
«Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ) օրվա սահմանված նորմաներով 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաններին»։
Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: