21 սեպտեմբերի 2023 - 12:45 AMT
ԱՀ ՆԳՆ․ Ադրբեջանի ԶՈւ–ն, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, կրակում է Ստեփանակերտի ուղղությամբ

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։

Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվլախում մեկնարկել են Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների բանակցությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։