22 սեպտեմբերի 2023 - 15:21 AMT
Թուրք մտավորականներ․ ԼՂ-ում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ

123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։

Թուրք մտավորականների հայտարարության մեջ արձանագրել է, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղը, ռազմական գործողություններ սկսեց ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ամբողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։ Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել են թուրք մտավորականները:

Նրանք նշել են նաև, որ պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ ազատորեն իրացնելու ցանկացած երկրի քաղաքացի լինելու իրենց իրավունքը։

Նրանք ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։

Թուրք գործիչները հիշեցրել են, որ թեպետ ամիսներ շարունակ տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակումը, սակայն այդ երկիրն ականջալուր չէր լինում նրանց։ Եվ հիմա անիմաստ է ակնկալել, որ Բաքվի ռեժիմը կենթարկվի Արցախում կրակը դադարեցնելու կոչերին։

«Նրանց նպատակն է Լեռնային Ղարաբաղը՝ Արցախն ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ և հայերին բնաջնջել այն տարածքներից, որտեղ դարեր շարունակ ապրել են, իսկ եթե դիմադրեն, պարզապես վերջ տալ նրանց կյանքերին։

Ադրբեջանի բռնապետության միակ նպատակն է՝ բռնությամբ վերջ տալ ուժի միջոցով գծած սահմանների ներսում հայերի գոյությանը»,- նշել են մտավորականները՝ ընդգծելով, որ ինչպես Ջուլֆայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները քարը քարի վրա չթողեցին, նույն կերպ հայերից ու հայկական հետքից մաքրելու են Արցախը։

Նրանք իրենց խորը մտահոգությունն են հայտնել զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը բավարար չափով զգայունություն չի ցուցաբերում այս հարցում։

«Նորից կրկնում ենք․ ցեղասպանությունները կանխարգելելը չի ենթադրում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։ Ցեղասպանությունը կանխարգելելը նախ և առաջ ակտիվ գործողությունների անցնելն է։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավորությամբ՝ բոլոր միջազգային կառույցներին ու հանրությանը՝ ակտիվ դիրքորոշում ստանձնել»,- նշել են թուրք մտավորականները՝ կոչ անելով տարածաշրջանում գերի մնացած քաղաքացիական անձանց տարհանել անվտանգ վայրեր ու մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։