Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահների բեռնատարներով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 50 տոննա բեռ, այդ թվում` սննդամթերք և հիգիենայի պարագաներ, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 826 խաղաղ բնակիչ կա, որոնցից 440–ը երեխա` նրանք այժմ չեն կարող վերադառնալ իրենց տներ։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է փոխգործակցել Բաքվի և Ստեփանակերտի հետ` արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման և անվտանգության ապահովման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։