23 սեպտեմբերի 2023 - 11:33 AMT
ՀՀ–ում է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը․ Կայցելեն նաև Սյունիք

Հայաստանում է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Սեպտեմբերի 22-25-ը Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

Photo. Getty Images