BBC-ն մեծ հոդված է հրապարակել ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված ծանր վիճակի մասին՝ նշելով, որ ընտանիքներից շատերը բաժանված են միմյանցից ադրբեջանական բանակով, օրինակ, մի մասը Ստեփանակերտում է, մյուս մասը՝ Մարտունիում, իսկ նրանց միջև զինվորականներն են։ Հաղորդակցության բացակայության պատճառով մարդիկ չգիտեն ողջ են արդյոք իրենց հարազատները։
«Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է սերմանվել հայերի հանդեպ, որոնց «վայրագությունների» մասին նույնիսկ երեխաներին են պատմել դպրոցներում։ Ուստի անհասկանալի է, թե ինչպե՞ս է Բաքուն այդ ամենը փոխելու»,–ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Ղարաբաղի բնակիչներից շատերը սպասում են հումանիտար միջանցքի բացմանը, որով նրանք կկարողանան հասնել Հայաստան, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարհանում հնարավոր է, եթե «ֆիքսվի հայերի մնալու անհնարինությունը ԼՂ–ում»։
Նշվում է նաև, որ ՀՀ–ն 40,000 տեղ է պատրաստել արցախցի հայերի կեցության համար, սակայն Փաշինյանն ասել է, որ տարհանումը պլան «Ա»–ն չէ և հավելել է, որ քաղաքացիական բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք չկա, ինչին կտրականապես համամիտ չեն Ղարաբաղի բնակիչները։
BBC-ի ադրբեջանցի զրուցակիցն ասել է, թե «ոչ ոք ոչ մեկին չի վտարում»՝ հավելելով, որ եթե «հոգ չտանեին խաղաղ բնակիչների, կանանց ու երեխաների մասին» ուղղակի կմտնեին Ստեփանակերտ։
Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է զինծառայողներին Հայաստան ուղարկել, սակայն ղարաբաղցի հայերին ցուցակներով կստուգեն։
Ստեփանակերտի բնակչուհին պարբերականին գրել է․ «Մենք ոչինչ չգիտենք, բայց համոզված ենք, որ կենդանի մեզ դուրս չեն թողնի։ Մենք պատանդ ենք Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Առնվազն նրանք թույլ չեն տա հեռանալ տղամարդկանց, իսկ առանց մեր տղամարդկանց մենք էլ չենք գնա»։
Հոդվածում նշվում է, որ կնոր մտավախություններն անհիմն չեն, քանի որ Լաչինի միջանցքում ձերբակալեցին 68–ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին ԿԽՄԿ–ն բուժման էր տանում Հայաստան։
Նշվում է նաև, որ անկախ իրավապաշտպանները, որոնք ծանոթ են Խաչատրյանի գործին, ասում են, թե նրա անունը եղել է Ադրբեջանի կազմած այն անձանց ցուցակում, որոնք հետախուզվում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ռազմական հանցագործությունների» համար։ Նշվում է, որ այդ ցուցակը հրապարակային չէ և հայտնի չէ, թե ով կարող է լինել ցուցակում, սակայն Ղարաբաղում մտավախություն ունեն, որ Բաքուն չի կարող երաշխավորել բոլոր բնակիչների անվտանգությունը և ֆիլտրացիա կսկսի տղամարդկանց շրջանում։
Ստեփանակերտի բնակչուհին գրել է․ «Մի բան է անհասկանալի։ Չէ որ մենք գնացել էինք 2020–ին․․․բոլորս միասին գնացել էինք։ Ռուսները մեզ հետ կանչեցին, մեզ անվտանգություն երաշխավորեցին, 3 տարի մղձավանջի մեջ պահեցին, վերջին տարին սովի մատնեցին շրջափակման միջոցով, իսկ հետո կրկին սկսեցին սպանել։ Դա մի ինչ–որ հրեշավոր այլասերություն է։ Մենք արդեն հեռացել էինք, ինչների՞ն էր պետք մեր վերադարձն ու դանդաղ սպանությունը»։