Ադրբեջանում ԼՂ սոցիալական, տնտեսական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի լուծման աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորելու է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նշվում է, որ խումբը Եվլախում կայացած հանդիպման ժամանակ հայկական կողմի ներկայացրած խնդրանքի համաձայն «կապահովի վառելիքի առաքում»։
Ըստ հայտարարության,
«-Ապահովվում է Լաչինի ճանապարհի օգտագործումը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման համար՝ ՌԴ խաղաղապահ առաքելության անձնակազմի կողմից ու նաև նրանց միջոցով,
Պայմաններ են ստեղծվում ԿԽՄԿ կողմից սննդամթերքի, դեղորայքի և մանկական սննդի առառքման համար Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ինչպես նաև ԿԽՄԿ Բաքվի և Ժնևի գրասենյակներից լրացուցիչ անձնակազմի գործուղման համար,
-Ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ ԿԽՄԿ հարցումով բուժօգնության կարիք ունեցող անձանց Հայաստան տեղափոխելու համար»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։