26 սեպտեմբերի 2023 - 14:08 AMT
Շվեդիան 15 մլն կրոն կհատկացնի ԿԽՄԿ-ին ԼՂ բնակչության հումանիտար կարիքների համար

Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (մոտ 1․3 մլն դոլար) կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների համար։ Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան 15 մլն շվեդական կրոն է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների համար, այդ թվում՝ բժշկական տրանսպորտի, սննդամթերքի ու գումարային նվիրատվությունների տեսքով»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: