ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է փոխանցել Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ ցանկանում է զարգացնել գործակցությունը անվտանգության և էներգետիկայի ոլորտներում:
«Եթե խոսենք էներգետիկ ոլորտում գործակցության (ԱՄՆ–ի և ՀՀ–ի) մասին, ապա այստեղ հազիվ թե ինչ-որ բան կարող է համադրվել ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսությունում։ Դժվար թե դա համեմատելի լինի նաև Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է Պեսկովը, հայտնում է Intefax-ը։
Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ–ն արտոնյալ գներով է տարբեր բնական ռեսուրսներ մատակարարում Հայաստանին։
«Օգնությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանը, շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել։
Հետևաբար, հազիվ թե հնարավոր լինի մեր փոխգործակցության մակարդակը և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ համեմատել ամերիկացիների ներգրավվածության հետ։ Նույնը կարելի է ասել մեր ներգրավվածության մասին ոչ թե բանավոր միջամտության մեջ՝ օգնելու հանգուցալուծմանը, այլ դե ֆակտո ներգրավվածությանը կարգավորման գործընթացում։ Կրկին այստեղ համեմատություն չկա»,- ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է նաև այն դերի մասին, որ ունեն ռուս խաղաղապահները «ըստ մանդատի, որի համաձայն էլ շարունակելու են գործել»։
«Ինչ վերաբերում է հրապարակված նամակին (Բայդենը Փաշինյանին), ապա, իհարկե, դրանք ինքնիշխան երկրներ են։ ԱՄՆ–ն ու Հայաստանն ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։