26 սեպտեմբերի 2023 - 17:26 AMT
ԱՄՆ–ն $11․5 մլն կհատկացնի ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքներին, ԵՄ–ն՝ 5 մլն եվրո

ԱՄՆ կառավարությունը 11․5 մլն դոլար կհատկացնի` հոգալու ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքները, Գորիսում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։

«Այս միջոցներով կապահովվի սննդամթերքից մինչև սոցիալ–հոգեբանական աջակցություն հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են ԼՂ բռնի տեղահանված հայերը։ Այս աջակցությունը կուղղվի նաև ընտանիքների վերամիավորմանը։ Նաև առանց ծնողների մեծ թվով երեխաներ են եկել ԼՂ–ից և պետք է ամեն ինչ անել, որ նրանք արագ գտնեն իրենց ծնողներին»,– նշել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Փաուերը նշել է` երբ վերադառնա ԱՄՆ ու ներկայացնի այն պատմություները, որոնք լսել է ականատեսներից, այդ ամենն օգնելու է, որպեսզի նախագահ Բայդենն ու վարչակազմը կարողանան ընտրել աջակցության դիտարկվող տարբերակներից այն, որը կկիրառվի։ Նա նշել է, որ այս պահին ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ է քննարկվում։

Իր հերթին, Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար, հայտնում է Արմենպրեսը՝ Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությանը հղումով։

5 միլիոն եվրոյից 500,000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, իսկ 4․5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը կհատկացվի հետևյալ նպատակների համար՝

-աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց։ Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթությունն է տրամադրել կանխիկ դրամական օգնություն, օթևան, ապահովել պարենային անվտանգություն և ապրուստի միջոցների աջակցություն։

-Աջակցություն Լեռնային Ղարաբաղի ներսում խոցելի մարդկանց։ Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի մոտ 60,000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: