26 սեպտեմբերի 2023 - 18:37 AMT
Բորել․ ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու հրատապ անհրաժեշտություն կա

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու հրատապ անհրաժեշտություն կա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մեր մտքերը սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են։ Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,– ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ–ն 5 միլիոն եվրո կտրամադրի բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում էր, որ ակնկալում են Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսք դեպի Հայաստան։

5 միլիոն եվրոյից 500,000-ը կուղղվի արտակարգ աջակցությանը, իսկ 4․5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցություն կհատկացվի։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: