26 սեպտեմբերի 2023 - 18:56 AMT
Գրիգորյանն ու Հաջիևը բանակցել են․ Ըստ ԵՄ–ի՝ Երևանն ու Բաքուն պետք է «կոնկրետ քայլերի և վճռական փոխզիջումների» գնան

Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների մասնակցությամբ։ Այս հանդիպման նպատակն էր նախապատրաստել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը:

Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին Եվրամիության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Երևանն ու Բաքուն պետք է «կոնկրետ քայլերի և վճռական փոխզիջումների» դիմեն, գրում է «Ազատությունը»։

«Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր կոնկրետ քայլերի՝ այդ թվում սահմանների դելիմիտացիայի, անվտանգության, մարդասիրական խնդիրների, ինչպես նաև ավելի լայն հարցի՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է տվել մտքերի ակտիվ փոխանակում կազմակերպել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման հրատապության վերաբերյալ։

«Եվրամիությունը վստահ է, որ հնարավոր հանդիպումը Գրանադայում պետք է օգտագործվի թե՛ Երևանի և թե Բաքվի կողմից՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հանձնառությունը վերահաստատելու համար՝ նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

Տարածված փաստաթղթում Եվրամիությունը նաև ընդգծել է Լեռնային Ղարաբաղում թափանցիկության, ինչպես նաև «մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հասանելիության անհրաժեշտությունը»։

Իր հերթին, Հաջիևը «կառուցողական» է որակել Գրիգորյանի հետ բանակցությունները։

ՀՀ ԱԽ քարտուղարը Բրյուսելից Բեռլին կմեկնի, հայտնում է ԱԽ գրասենյակը։

«Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Գրանադայի հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։