ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որը բխում է 2023–ի սեպտեմբերի 19–ից հետո ստեղծված վիճակից, այն է՝ լուծարել Արցախի Հանրապետությունը, բորոր պետական կառույցներն ու կազմակերպությունները։
Ըստ հրամանագրի Արցախի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը 2024–ի հունվարի 1–ին, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Ըստ հրամանագրի, ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գերակայությունից և նրա կենսական շահերից, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ ապահովվում է ԼՂ բնակիչների ազատ, կամավոր և անարգել ելքը Լաչինի միջանցքով, այդ թվում՝ զենքը վայր դրած զինծառայողների, իրենց գույքով և սեփական տրանսպորտային միջոցներով, և ղեկավարվելով ԼՂ Սահմանադրության 93–րդ հոդվածով, որոշում է կայացվել․
1․ Լուծարել բոլոր պետական հաստատություններն ու դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները մինչև ն2024 թվականի հունվարի 1–ը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարեցնում է իր գոյությունը։
2․ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում հանրապետության սահամններից դուրս գտնվող, այս Հրամանագրի ուժի մեջ մտնելուն պես, ծանոթանալ Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) ինքնուրույն և անհատական որոշում կայացնելու նպատակով։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։