ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը, ի դեմս USAID ղեկավար Սամանթա Փաուերի ու պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի, այցելել է Բաքու:
Նա ասել է, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«USAID ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յոււրի Քիմն Ադրբեջանում են, որտեղ նրանք շեշտել են այն նույն կետերը, որոնք ընդգծել է պետքարտուղարը երեկ նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում: Ես կրկնեմ դրանք այս ամբիոնից: Առաջին, մենք ցանկանում ենք տեսնել հրադադարի պահպանում: Երկրորդ, մենք ցանկանում ենք տեսնել մարդասիրական կարիքների ապահովում: Դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և ապահովել, որ մարդասիրական բեռները կարող լինեն մուտք գործել: Դա նաև նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ վստահ լինելու համար, որ մարդասիրական կարիքների ապահովվում են: Ես կնշեմ, որ մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության արտահայտած մեկնաբանությւոնները այդ առիթով։ Քիչ առաջ նախքան այստեղ գալը, նրանք ողջունեցին նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Դա մի բան է, որ պետքարտուղարն ուղիղ պնդել է նախագահի հետ զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին է լինելու այդ առաքելությունը: Բացի այդ, ի վերջո, մենք ուզում ենք տեսնել վերադարձ բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են ի վերջո հասնել արժանապատիվ, տևական խաղաղության»,- ասել է Միլերը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: