28 սեպտեմբերի 2023 - 11:55 AMT
Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։

Այդ մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ, հայտնում է Vesti.az-ը։

«Հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել Ռուբեն Վարդանյանի հանցավոր գործունեության վերաբերյալ, որն այժմ ՀՀ քաղաքացի է, ըստ Ադրբեջանի ՔՕ 214–1 հոդվածի (ահաբեկչության ֆինանսավորում), 279․3 (մասնակցություն օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը) և 318․1 հոդվածով (օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Ադրբեջան ապօրինի ժամանման կազմակերպում)», ասվում է հայտարարության մեջ։

Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով՝ գերատեսչությունը պաշտպանելու է իր քաղաքացուն։ Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել, թե ուր են նրան տարել և ինչ վիճակում է։

Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։ Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։