28 սեպտեմբերի 2023 - 12:46 AMT
2024-ի ՀՀ պետբյուջեով նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածներին

2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի պայմաններում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում պետք է ապահովենք նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, քանի որ չունենք հստակ թիվ, թե քանի մարդ է բռնի տեղահանվել ՀՀ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,– հայտարարել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` 2024 թ. ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք նախատեսել են տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք մեր կյանքի անբաժան մասն են դարձել։

«Այս պայմաններում մենք բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում։ Մնացած տարբերակները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,– ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա վստահեցրել է, որ չնայած արտաքին ռիսկերին` ՀՀ տնտեսությունը շարունակում է դրսևորել բարձր դիմադրողականություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: