9 հոկտեմբերի 2023 - 10:44 AMT
Դեսպանության կոչը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ երկրի հարավ այցերից

Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է արել երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հարավային շրջաններ այցերից, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:

«Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:

Թեժ գիծ՝ 050 6670345 (ուղիղ հեռախոսակապ, WhatsApp, Viber չօգտագործե՛լ)»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։

ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։