11 հոկտեմբերի 2023 - 14:12 AMT
Վարչապետ․ Եթե ՌԴ խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, պիտի ՌԴ գնան, ՀՀ-ում մնալու իրավական հիմք չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, խոսելով Արցախի հայաթափումից հետո ՌԴ խաղաղապահների դերակատարման մասին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում նրանց մնալ չմնալու հարցը միայն հայկական կողմից չէ կախված կամ մեզանից չէ կախված։

«Մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, Լեռնային Ղարաբաղում մնալ չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»,–ասել է նա։

Այն հարցին, թե դուրս գալու պարագայում, հնարավո՞ր է Հայաստան գան, Փաշինյանը պատասխանել է, որ դրա մեջ տրամաբանություն չի տեսնում, որովհետև նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն են:

«Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց, այդ պարագայում նրանք Ադրբեջանո՞վ կգնան Ռուսաստան, թե՞ Հայաստանով: Չեմ կարծում, թե սկզբունքային հարց է, թե որտեղով կգնան, բայց Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա և չի կարող լինել»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետին հարց է ուղղվել նաև ՀՀ–ում ՌԴ 102–րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների մասին։

«Չեմ հասկանում Ձեր հարցը՝ կապված սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մասին, որովհետև նրանց այստեղ գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ և այդ հիմքերի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունը և մենք որևէ հարց չենք բարձրացնում: Պարզ է, որ բազում խնդիրներ կան, բայց այնպես չէ, որ բոլոր խնդիրներն այսպես փոխկապակցված էին իրար հետ, կամ պատճառահետևանքային կապեր ունեն»,–ասել է վարչապետ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

Photo. TASS