23 հոկտեմբերի 2023 - 10:35 AMT
Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ պաշտոնական Թեհրանը Երևանին «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։

Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ դա պայմանավորելով ռուսական կողմի մասնակցությամբ՝ «ռուսական գործոնով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է: