23 հոկտեմբերի 2023 - 14:03 AMT
Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Չարչյանը՝ զերծ մնալով մանրամասներ հայտնելուց պատճառների վերաբերյալ:

Նա միայն նշել է, որ ցանկանում է իր մասնագիտական գործունեությունը շարունակել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ԱԺ-ից ասել են, որ դիմում դեռևս չեն ստացել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազը պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել Արմեն Չարչյանին։

2021-ի հունիսի 18-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում։

Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց, հետո՝ օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։