ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, ՌԴ-ի և Կենտրոնական Ասիայի հետ։ Նա նշել է, որ այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ ՀՀ տարածքով անցկացումը։
Միրզոյանն ասել է նաև, որ ինքնիշխանության հարգման պարագայում Հայաստանը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։
Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում՝ նշելով, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։
Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
«Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։
«Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով՝ հավելելով, որ ՀՀ–ն շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։
Հոկտեմբերի 23-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ, Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։ Վրաստանը չի մասնակցել հանդիպմանը։
Նախարարները պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով: