25 հոկտեմբերի 2023 - 11:58 AMT
ԱԳՆ. Լիբանանից ՀՀ տեղափոխվելու խնդրանքով դիմումներ դեսպանությունը չի ստացել

Այս պահի դրությամբ Լիբանանից Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմումներ ՀՀ դեսպանությունը չի ստացել, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավար շրջանակների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև բազմահազարանոց լիբանանահայությանը անվտանգային լուծումներ առաջարկելու համար»,–նշել է նա։

Բադալյանը հայտնել է նաև, որ ի պատասխան մի քանի հարցումների դեսպանության կողմից տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ այս պահին գործող Բեյրութ-Երևան կոմերցիոն չվերթների վերաբերյալ։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հոկտեմբերի 24–ին հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում առճակատման Լիբանանի հետ, քանի որ կենտրոնացած է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների վերացման վրա։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը, Հերցոգն ասել է, որ Իսրայելն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ «Հեզբոլլահը» կրակի հետ է խաղում։