25 հոկտեմբերի 2023 - 13:14 AMT
Փաշինյանին է հանձնվել Հռոմի պապի շնորհած շքանշանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24–ին ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար Արքեպիսկոպոս Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից շնորհված Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ:

Նիկոլ Փաշինյանն Արքեպիսկոպոս Բետանկուրին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: