3 նոյեմբերի 2023 - 13:35 AMT
ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողները կայցելեն Երևան, կհանդիպեն ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն և Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ն այց կկատարեն Հայաստան:

«Երևանում Կիլյունենը և Աբերը կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովում խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Հանրային ռադիոն։

Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի և դատական մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։