Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, խոսելով սեպտեմբերի 19–ի ադրբեջանական ագրեսիայի մասին, 24TV-ի եթերում ասել է, որ հրադադար չկնքելու հնարավորություն չկար, մեծ կոտորած կլիներ, Ադրբեջանի նպատակն ամբողջական ցեղասպանությունն էր։
Նա նաև ասել է, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ով էլ լիներ Արցախի Հանրապետության ղեկին, փաստաթուղթը պետք է ստորագրեր։
«Ասեին՝ ստորագրի, որ Քենեդուն դու ես սպանել, պետք է ստորագրեր»,–ասել է նա, գրում է 24news.am–ը
«ՌԴ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ- ն ամեն մեկն իր չափով կանաչ լույս էին վառել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Բաքուն գրադով խփել էր տարբեր գյուղերի, որոնցից ոչ հեռու զորամասեր կային, նրանք ճշգրիտ հրթիռներ, անօդաչուներ կարող էին կիրառել, բայց քաղաքացիներին էին թիրախավորվել, որ վախի մթնոլորտը խորացնեին»,–ասել է նա։
Բեգլարյանի խոսքով, Արցախը միայնակ էր մնացել պայքարում, Արցախի համար վճռական եղավ նաև Պրահայի հայտարարությունը։
«ՀՀ-ն չպետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում, գլխավոր ռազմավարական սխալը դա էր, այդպես մեսիջ տրվեց Ադրբեջանին, որ այլևս ՀՀ-ն Արցախին վերաբերող հարցերին չի խառնվելու, հնարավորություն է տրվել ՌԴ-ին ու Արևմուտքին նշաձողը իջեցնել։ Ալիևը մեկ-երկու օր հետո հրապարակային ողջունեց, որ ՀՀ-ն իրեն կառուցողական է պահել ագեսիայի ժամանակ։ Նշանակում է, որ իրենք մտավախություն ունեին, որ ՀՀ-ն հնարավոր է փորձի գործիքներ կիրառի, որ պաշտպանի Արցախի ժողովրդին, բայց նույնիսկ դա չարվեց, Հայաստանը նախապես պետք է կանխեր այդ գործողությունները, բայց արդյունքում ստացանք սա»,- ավելացրել է նա։
Նախկին պետնախարարի համոզմամբ, Հայաստանը պետք է դիրքորոշում ձևավորի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված, միտում է տեսնում, որ Արցախի հարցը փակվի, բայց իրականում պետք է նշաձողը բարձրացվի, որի իրավական հիմքերը կան։
«ՀՀ բոլոր ազդեցիկ կառույցները պետք է ազդեն ՀՀ իշխանության դիրքորոշման վրա, որպեսզի Արցախի ժողովրդին վերադարձի իրավունք և միջազգային երաշխքիներ տրվեն»,–ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։