6 նոյեմբերի 2023 - 15:05 AMT
Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։ Այդ մասին ասվում է հայտնում է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ նա հրավիրվել է ԱԱԾ ահաբեկչության նախապատրաստման մասին քրեական գործի քննության շրջանակում, ինչի մասին ԱԱԾ–ն հայտնել էր նոյեմբերի 2-ին:

«Նա հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել»,–ասվում է ԱԺԲ գրառման մեջ։

Ավելի ուշ տեղի ունեցած ասուլիսում Սեֆիլյանն ասել է, որ Բևեռն իր քաղաքական գործունեության մասին բարձրաձայնել է ու բարձրաձայնում է, շարունակելու է նույն մարտավարությունը, հայտնում է Panorama.am-ը։

«Փաշինյան Նիկո՛լ, վստահ եղիր, որ մենք քո հետևից հինգ հոգով չենք գալու կամ տասը հոգով չենք գաու։ Գալու ենք տասնյակ հազարավոր հայ մարդկանցով։ Բևեռը մշտապես խոսել է հանցագործներին պատժելուց, առաջնահերթորեն խոսքը վերաբերում է քեզ ու քո շրջապատին։ Բևեռը կողմ է ձեզ պատժել մեր պատկերացրած ապագա անցումային կառավարության, արդարադատության փուլում, հայկական Նյուրենբերգի պես։ Այդպես ենք պատկերացնում քեզ պատժելը»,–ասել է նա՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԱԱԾ–ն խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք էր բացահայտել։ Խմբի կազմում 5 անձ էր նշված։