1 մայիսի 2009 - 16:41 AMT
Վալերի Գերգիեւը վարպետության դասեր կանցկացնի Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ
Առաջին անգամ Հայստանում աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում վարպետության դասեր կանցկացնի Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):
Երիտասարդ երաժիշտներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն` Վ.Գերգիեւի ղեկավարությամբ կատարել Միրզոյանի ստեղծագործությունը:Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ (մենակատար` Դենիս Մացուեւ):
Երեւանում նվագախումբը արդեն ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը եւ ուրիշները: Երեք տարվա ընթացքում նվագախումբը բազմիցս պատվով ներկայացրել է Հայաստանը աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` «Opera Garinier» Փարիզ, «Konzerthaus» Բեռլին, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: