«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել է, որ գուցե ակտիվ հանդիպումներ չկան, բայց այն զգուշավոր լավատեսությունը, որ ունեն խաղաղության պայմանագրի՝ 2024-ին կնքման հետ, պահպանվում է, քանի որ, մեծ հաշվով, հիմնական առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների բացակայությանը՝ Պապոյանն ասել է, որ իրական բանակցությունները տեղի են ունենում ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ խորհրդապահական խողովակներով, թղթեր փոխանցելով, հայտնում է «Փաստինֆոն»։
«Վերջում, երբ ղեկավարները հանդիպում են՝ ամփոփում են կատարված աշխատանքը։ Այդ առումով պրոցեսը չի դադարել։ Միգուցե, ակտիվ հանդիպումներ չկան, բայց այն զգուշավոր լավատեսությունը, որ ունենք խաղաղության պայմանագրի՝ 2024 թ-ին կնքման հետ, պահպանվում է, քանի որ մեծ հաշվով հիմնական առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։ Միակ հարցը, որի շուրջ ըմբռնում չկար՝ այսպես կոչված՝ միջանցքի հարցն էր, որը գոնե իմ տպավորությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարություններից դուրս է եկել։ Դա իրենց այլևս պետք չէ, քանի որ իրենք իրենց համար տնտեսապես ավելի հարմար ճանապարհ են գտել։
Ես ենթադրում եմ, որ հիմա վերջնական տեքստի վրա աշխատելուն Հայաստանին այլևս ոչինչ չի խանգարում։ Մենք պատրաստ ենք 1974-75 թթ. քարտեզներով, որոնց կրկնօրինակներն արդեն 2 կողմի մոտ կան, պայմանավորվել դեմարկացիայի և դելիմիտացիայի, ճանապարհների ապաշրջափակման շուրջ։ Մենք դրան արդեն պատրաստվում ենք»,- նշել է Պապոյանը։
Անդրադառնալով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար չտրամադրելու և Արցախի թեմի պահպանման վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու որոշմանը՝ Պապոյանն ասել է, որ եկեղեցին չի մասնակցում բանակցություններին և պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար, բանակի խնդիրները չի հոգում, 100,000 արցախցիների սոցիալական ծախսերը չի հոգում։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ սահմանազատման համար որևէ քարտեզի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Բաքուն միևնույն ժամանակ 8 գյուղ հանձնելու պահանջ է ներկայացրել Հայաստանին։