9 նոյեմբերի 2023 - 17:53 AMT
The Guardian․ Բրիտանական BP-ի նախագծերն անուղղակիորեն օգնել են ֆինանսավորել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Global Witness հասարակական կազմակերպությունը պնդում է, որ բրիտանական ընկերությունն անուղղակիորեն ֆինանսավորել է ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ։ Այդ մասին ասվում է The Guardian-ի հրապարակած հոդվածում։

Ըստ հրապարակման՝ նշվում է, որ Ադրբեջանում BP-ի վառելիքային նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ։ 2020 թվականից BP-ն Բաքվին մատակարարել է գրեթե 35 մլրդ դոլարի (28․6 մլրդ ֆունտ ստեռլինգ) նավթ և գազ։ Ադրբեջանի մասնաբաժինը երկու խոշոր նավթագազային նախագծերում, որոնք վարում է բրիտանական նավթային ընկերությունը, նպաստել է ռազմական ծախսերի ավելի քան քառապատկմանը 2020 թվականից ի վեր, հայտնում է Aysor.am-ը։

«Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, նախագահ է դարձել 2003 թվականին հոր մահից հետո՝ ընտրություններով, որոնք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդների կարծիքով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», - ասվում է հոդվածում։

Global Witness-ի խոսնակ Դոմինիկ Իգլթոնը նշել է, որ «BP-ի երկարատև համագործակցությունն Ալիևի «բռնապետության» հետ ֆինանսավորել է Ադրբեջանի ռազմականացումը և ագրեսիան Հայաստանի դեմ»։

«Դաժան բռնապետերին ֆինանսավորելը միշտ էլ վատ ռազմավարություն է», - ասել է Իգլթոնը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։