ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը հայ-վրացական սահմանային անցակետերում մոտ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանման մեջ։
Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:
Նշվում է, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները:
«Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:
Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը»,–ասվում է պարզաբանման մեջ։