11 նոյեմբերի 2023 - 14:32 AMT
ՄԻՊ–ին առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ կձևավորվի

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փորքմասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ կձևավորվի։ Այդ մասին ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ասել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը:

Հանդիպման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:

Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարն անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ:

Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։