Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։
Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է գնում, Թուրքիայից, Իսրայելից, այլ երկրներից, տասնյակ զորավարժություններ է անցկացրել իր տարածքում 44–օրյա պատերազմից հետո։
Նա ասել է, թե Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին կնպաստի «ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը», հայտնում է Haqqin.az-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան Վրաստանի տարածքով։
Հաջիզադեն նաև ասել է, թե Հայաստանն ու Ֆրանսիան «պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ տարածաշրջանում խաղաղությւանն ու համագործակցությանն այլընտրանք չկա»։
Հաջիզադեն կոչ է արել միջազգային հանրությանը դադարել զինել Հայաստանին, ինչպես նաև «դադարեցնել ոչ լեգիտիմ գործունեությունը, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում»ունեցած իր ելույթում, խոսելով Ֆրանսիայի հետ համագործակցության մասին, ասել էր, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր։
«Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ»,–ասել է նա։