Վրաստանում հաստատել են ֆրանսիական «Բաստիոնների» տարանցումը Հայաստան։ Լուրը հաստատել է Փոթի նավահանգիստը շահագործող APM Terminals Poti ընկերությունը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ընկերությունից «հաստատել են, որ կոնկրետ բեռը Հայաստան է հասել Վրաստանի տարածքով»։
«Կցանկանայինք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, և ուղարկվել Հայաստան, որը պատժամիջոցների տակ չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների սահմանած սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti-ն, որը բազմաթիրախ նավահանգիստ է, իրավունք չունի անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», - ասել են ընկերությունից։
Ավելի վաղ, անդրադառնալով սպառազինության տարանցման մասին լուրերին, միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում»ունեցած իր ելույթում, խոսելով Ֆրանսիայի հետ համագործակցության մասին, ասել էր, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր։
«Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ»,–ասել է նա։