14 նոյեմբերի 2023 - 13:30 AMT
Էրդողանն ուզում է 1 տարով երկարաձգել թուրքական ԶՈւ ներկայությունը ռուս–թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ներկայացրել խորհրդարան` թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս–թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։

Ըստ ներկայացված օրինագծի, կշարունակվի 2020թ․ նոյեմբերի 9–ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը, գրում է Haqqin.az-ը։

Նշվել է, որ թուրքական բանակի մանդատը կերկարացվի ևս 1 տարով՝ նոյեմբերի 17–ից սկսած։ Ակնկալվում է, որ օրինագիծը կքննարկվի խորհրդարանում առաջիկա օրերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։