14 նոյեմբերի 2023 - 17:39 AMT
Եղոյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն ՀՀ-ում չկա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն Հայաստանում չկա։

Խոսելով այն տեղեկության մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, Եղոյանը վստահեցրել է, որ դա քաղաքական որոշում է, ու եվրաինտեգրման գործընթացը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել դրան, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք 1991–ից գտնվում ենք եվրաինտեգրման փուլի մեջ։ Մենք երկու համաձայնագիր կնքեցինք իրենց հետ 1996-97 թվականներին, դարձանք Եվրոպայի խորհրդի անդամ։ Կան բազմաթիվ այսպիսի կետեր, ու այստեղ ոչ մի հակասություն չկա»,–ասել է նա։

Նա չի համաձայնվել լրագրողների այն պնդման հետ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելով` սառեցնում է հարաբերություններն այդ կառույցի հետ։

«Մենք արդեն մի քանի տարի շարունակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ–ի գործունեության վերաբերյալ, և դուք զարմացե՞լ եք, որ մենք չենք մասնակցում։Դուք մտածում եք, որ 5 անգամ չմասնակցեցինք նիստին, 6-րդ անգամ պետք է դո՞ւրս գանք կառույցից»,– ասել է նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրները ենթադրում են ՀՀ–ի հենց այսպիսի վարքագիծ։

Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ–ն ծրագրում է ապագայում անդամակցել ԵՄ–ին՝ Եղոյանն ասել է, որ «ապագայում ՀՀ-ն գուցե և ծրագրի դիմել ԵՄ թեկնածության համար»,–հայտնում է Factor.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, չեն մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չի մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։