14 նոյեմբերի 2023 - 19:53 AMT
Մասիսում 150 բռնի տեղահանված արցախցի է մկրտվել, որից 140–ը՝ երեխա

Մասիս քաղաքի 6 եկեղեցիներում 7 հոգու քավորությամբ Արցախից մոտ 150 բռնի տեղահանված է մկրտվել։

Մկրտության արարողությունն ի սկզբանե նախատեսված է եղել է 140 արցախցի երեխաների համար, սակայն նրանց ծնողները ևս, ովքեր մկրտված չեն եղել, ցանկություն են հայտնել իրենց երեխաների հետ մկրտվելու։ Նախաձեռնության հեղինակները Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանն են, հայտնում է Sputnik Արմենիան։

Համբարձումյանն ասում է` իրենց նպատակն է, որ արցախցիներն ինտեգրվեն համայնքի կյանքին։

«Ուզում եմ` արցախցիներն իմանան, որ իրենց թիկունքին կանգնած ենք։ Ամենակարևոր իրադարձությունն այն է, որ նրանք դարձան քրիստոնյա և մենք մասնակից ենք այդ կարևոր գործին»,–լրագրողների հետ զրույցում նշել է Մասիսի համայնքապետը:

Մկրտված արցախցիներն իրենց հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո այս արարողությունը համարում են կարևոր ու խորհրդանշական։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։