Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Նախարարները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։