18 նոյեմբերի 2023 - 14:12 AMT
Մարկեդոնով․ Բաքուն ուզում է, որ միջնորդներն ընդունեն կարգավորման իր տարբերակը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելը որոշակի միտում է ձևավորել, քանի որ ավելի վաղ Բաքուն արդեն հրաժարվել էր Գրանադայի և Բրյուսելի բանակցություններից: Այս տեսակետն է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co ТГ ալիքի համար գրված հոդվածում։ Նա կարծում է, որ եվրոպական բանակցային հարթակից հետո որոշ խնդիրների կբախվի նաև ամերիկյանը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ բոլոր միջնորդները հիմք ընդունեն կարգավորման իր տարբերակը։ Բաքուն, ըստ էության, այդ գիծը մղում է բոլոր ազիմուտներով, հայտնում է Sputnik Արմենիան։

Փորձագետի կարծիքով՝ այս բոլոր մերժումները ընդհանուր դրդապատճառ ունեն: Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից։ Իսկ նոյեմբերին Բաքվի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ–ի մոտեցումները միակողմանի են, ինչը կասկածի տակ է դնում պետությունների միջնորդական դերը։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Կոնգրեսում վերջերս կայացած լսումների ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին և մի շարք կարևոր այցեր է չեղարկել։ Պետքարտուղարության ներկայացուցիչը ամերիկյան իշխանության այս բոլոր քայլերը բացատրեց այն հանգամանքով, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթաց չկա: Վերաձևակերպելով դասականին՝ դիվանագիտական ճակատում նորություն չկա», - նշել է փորձագետը։

Օ'Բրայենը նաև ընդգծել էր` ԱՄՆ-ն բազմիցս զգուշացրել է Բաքվին, որ Հայաստանի դեմ կոշտ գործողությունները ևս անընդունելի են: Մարկեդոնովի խոսքով՝ այդ պատկերացումը Վաշինգտոնը (ինչպես և Փարիզը) այժմ ակտիվ առաջ են մղում հայկական կողմի համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը մի բան է, այստեղ խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է, բայց բուն «կորիզային Հայաստանը» կարմիր գիծ է։

«Պետք է ասել, որ հայկական իշխանությունը դրական է ընդունում այդ հռետորաբանությունը (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի. խմբ.)։ Եվ նույնիսկ որպես հակադրություն նշում, թե իբր Մոսկվայից հստակ առաջարկներ չկան։ Թեև Հայաստանի անվտանգությունն այսօր երաշխավորում է հենց ՌԴ-ն։ Նման երաշխիքների որակը կարելի է քննարկել, բայց Արևմուտքը միայն հայտարարություններ է անում, իրական մեխանիզմներ չկան», - նշել է Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ կովկասյան երկու պետությունների արտգործնախարարների վերջին հանդիպումը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի վերջին։ Բայց այդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերյան պատերազմից առաջ էր և արտացոլում էր հին իրողությունները, որոնք արմատապես փոխվեցին երկու ամիս առաջ։

«Այսօր Բաքուն իրեն հաղթողի դերում է զգում։ Եվ չի ուզում իրեն սահմանափակել արտաքին խաղացողների դիտողություններով։ Պետք չէ ասել, որ Ադրբեջանը դեմ է Արևմուտքի միջնորդությանը` որպես այդպիսին։ Եթե Մոսկվան հայտարարի մի բան, որը Բաքվում ընկալվի որպես աջակցություն հայկական կողմին, կլինի այնպիսի արձագանք, ինչպիսին հնչեց Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ», - կարծում է քաղաքագետը։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: