21 նոյեմբերի 2023 - 11:06 AMT
Պետդեպի խոսնակ․ Կարևոր է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի

Վաշինգտոնը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և շարունակում է ներգրավել երկու երկրի ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Պետդեպարտամենտի խոսնակը նաև ասել է՝ կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի՝ կարևորելով Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը», - ասել է Միլլերը։

Բաքուն հայտարարել է, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ նշելով, որ վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Բաքվի համար Երևանի հետ բանակցություններում և նշելով, որ մտադիր չեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցել Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ին մեղադրելով միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը։

Երևանը բազմիցս նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։