23 նոյեմբերի 2023 - 11:22 AMT
Զախարովա․ Երևանն իր արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու մտադրություն է ցուցադրում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու մտադրություն։

«Ըստ իս, դա իրական մտադրությունները քողարկելու բացահայտ փորձ է։ Պարզ է, որ խոսքը հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է արտաքին գործերում։ Ըստ իս, դա արվում է շատ հստակ՝ Արևմուտքի դրդմամբ կամ հուշումով»,–ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ այն հայտարարությունները, որ Երևանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը։

Նա հավելել է, որ Երևանի անվերապահ խաղադրույքը, թե Արևմուտքը կօգնի, ֆիասկոյի է ենթարկվել։

«Դա անհնար է չտեսնել։ Չնայած հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մինչ օրս սառեցված են։ Անշուշտ, բավականին միամիտ են ֆրանսիական «Բաստիոն» մեքենաների առաքումից Հայաստանի համար օգուտների մասին դատողությունները»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովան նաև անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը «տեղյակ չէ Մոսկվայի առաջարկների մասին Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերաբերյալ»։

«Սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին հայկական կողմին հրավերներ են ուղարկվել Մոսկվայում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ, նաև բազմակող միջոցառումների շրջանակում, որոնց մենք դեռևս հստակ պատասխան չենք ստացել։ Ընդ որում Երևանը ձգտում է բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ Վաշինգտոնում, Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ–ն, ոչ ԵՄ–ն չեն կարող բարեխիղճ միջնորդներ համարվել մի շարք պատճառներով»,–ասել է նա։

Զախարովան ասել է նաև, որ ԱՄՆ և Եվրամիության գործողությունները նպատակ ունեն «դուրս մղելու Ռուսաստանին Հարավային Կովկասից»։

«Նրանք ուզում են քանդել տարածաշրջանում առկա անվտանգության մեխանիզմները՝ միևնույն ժամանակ անթաքույց գողանալով և վերաձևակերպելով Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններn ի շահ կոնյուկտուրային նկատառումների։ Ոչ մի իրական օգուտ նրանց միջնորդությունից չկա և չի կարող լինել»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։